Մեր եկեղեցու դիրքորոշումը հայերի ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում` ասել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մամլո քարտուղար Ալեքսանդր Վոլկովը՝ պատրիարքի՝ օրերս հնչեցրած տեսակետի վերաբերյալ, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների չեն ոչնչացրել: ««Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատրիարք Կիրիլը խոսել է Սիրիայում և Իրաքում վերջին տարիներին տիրող քրիստոնյաների սարսափեցնող և աննախադեպ իրավիճակի մասին: Այս համատեքստում Հայրապետը որպես օրինակ հիշատակել է Օսմանյան կայսրության պատմությունը, որտեղ այնպիսի ժամանակաշրջան կար, երբ սահմանված կարգուկանոնը հարաբերական անվտանգություն և կայունություն էր ապահովում կրոնական փոքրամասնությունների կյանքում: Նմանօրինակ կարգուկանոնի բացակայությունը, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբիայում բերում է իրադարձությունների ողբերգական զարգացմանը: Հենց այդ պատճառով էլ մենք ժամանակակից իրադարձություններն անվանում ենք ցեղասպանություն: Մեր եկեղեցու դիրքորոշումը հայերի ցեղասպանության հարցում բազմիցս և հստակ արտահայտվել է պատրիարքի բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում: Այդ դիրքորոշման վառ օրինակն է Ռուս ուղղափառ եկեղեցու մասնակցությունը ամենաբարձր մակարդակով Հայ առաքելական եկեղեցու կյանքի կարևոր իրադարձություններին, Նորին Սրբության մասնակցությունը Մոսկվայում հայկական տաճարի օծմանը, ռուսական եկեղեցու պատվիրակության այցը Երևան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություններին մասնակցելու համար: Ռուսական եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է, մենք մշտապես բաց և հրապարակավ պաշտպանել ենք և կշարունակենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջտարածաշրջանային հարթակներում»,- ասվում է մեկնաբանությունում։